Լինելով Հովհաննես Թումանյանի թանգարանում և ծանոթանալով նրա անձնական իրերին՝ հասկանում ենք, որ Թումանյանը յուրօրինակ և հետաքրքիր իրերի սիրահար և կոլեկցիոներ էր: Թանգարանը լի է բազմաբնույթ իրերով, որոնց աշխարհագրությունը տարածվում է հեռավոր արևելքից մինչև արևմտյան ափ՝ Ամերիկա:
Թանգարանային հավաքածուում առանձնակի հետաքրքրություն ունի Հովհ. Թումանյանի ավտոմատ մատիտի սրիչը: Երբ և որտեղից է ձեռք բերել կամ նվեր ստացել իրը, հայտնի չէ:
Ըստ Էնդրյու Քլեյմանի ( “Made in Chicago Museum”)` Թումանյանի մատիտի սրիչը թվագրվում է 1910-1914 թթ.՝ մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, և մեկն է այդ ժամանակաշրջանում պատենտավորված և Եվրոպայում վաճառքի հանված U. S. Automatic սերիայի սրիչներից: Ունի շահագործման հետաքրքիր մեխանիզմ: Բռնակի շնորհիվ սկավառակը պտտվում է, որի վրա ամրացված դանակը սրում է վերևից համապատասխան անցքի մեջ նախապես տեղադրված մատիտը: Գոյացած տաշեղները լցվում են սարքի ներքևամասում գտնվող արկղիկի մեջ: Բռնակը պատրաստված է սպիտակ փայլեցված մետաղից, որի գլխիկը փայտից է և ունի տանձաձև տեսք: Ունի նաև սարքի անխափան աշխատանքն ապահովող յուղը ներարկելու անցք: Ամբողջությամբ պատված է սև լաքով: Արտադրվել է “Automatic Pencil Sharpener Company” (APSCO)-ի կողմից, որը հիմնադրվել է 1905-ին ԱՄՆ-ում: Նույն թվականին էլ ընկերությունը թողարկում է իր առաջին անվանական ապրանքանիշը՝ U. S. Automatic Pencil սրիչը: Այն ձեռքով շահագործվող 3 պտտվող շեղբով գործիք էր, որի արտոնագրման տարեթիվը 1908 է: U.S. Automatic մատիտի սրիչը, որը նախագծվել և արտոնագրվել էր Չիկագոյի գյուտարար Էսսինգթոն Ն. Գիլֆիլանի կողմից (1906), դարձավ մեծ վաճառքներ ապահովող և եկամուտներ բերող ապրանք իր Նյու Յորքյան ներդնողների` Չարլզ Սփենգլերի և Էդվին Լյումիսի համար: Լյումիսը APSCO-ի արևմտյան ափի վաճառքների պատասխանատուն էր, իսկ Սփենգլերը տաղանդավոր մեխանիկ –ինժեներ էր, ով բազմաթիվ նորարարական իրերի նախագծման համար արտոնագրեր էր ստացել: Հենց նա էլ ձեռնամուխ եղավ U.S. Automatic սրիչների նախագծմանն ու արտադրությանը՝ կատարելագործելով Գիլֆիլանի ստեղծած բնօրինակը: 1910-ին Լյումիսն ու Սփենգլերը Չիկագոյում հիմնեցին իրենց սեփական բիզնեսը: Մեկ տարի հետո նրանց հաջողվեց այս ամենը վերածել շահութաբեր գործի՝ տարեկան արտադրելով ավելի քան կես միլիոն մատիտի սրիչ: Շատ կարճ ժամանակում այս սրիչները գերակա տեղ զբաղեցրին շուկայում և հաջողությամբ սկսեցին վաճառվել արդեն Եվրոպայում՝ որպես «Ամերիկյան մատիտի սրիչներ»:
Այն ժամանակ, երբ մարդիկ դանակով էին սրում մատիտը, այս գյուտը աննկարագրելի երևույթ էր աշխարհում: Այսպիսով, APSCO-ն դարձավ ամենամեծ մատիտի սրիչ արտադրող ու վաճառող ընկերությունն աշխարհում և դոմինանտ դիրք ուներ շուկայում հետագա մի քանի տասնամյակների ընթացքում:
Ընկերությունը բազում փորձություններ հաղթահարեց՝ անօրինական կերպով արտոնագրերի գողություններից մինչև համաշխարհային պատերազմներ և Մեծ Ճգնաժամ՝ հասնելով մինչև 80-ականներ: Սակայն APSCO-ն չկարողացավ նույքան մրցունակ մտնել էլեկտրական մատիտի սրիչների խաղի մեջ, որքան դա արել էր անցյալում մեխանիկական սրիչների արտադրման ժամանակ: Ընկերությունը, որը սահմանել էր բոլորի կողմից այնքան բարձր գնահատանքի արժանացած սրիչների յուրահատուկ ոճը, ակնհայտորեն հետ մնաց և դադարեցրեց իր գոյությունը: